Սնունդը և առողջությունը
Սեւ բողկը՝ օրգանիզմի սանիտար
Բողկը ոչ միայն ճաշատեսակների մեջ օգտագործվող բանջարեղեն է, այլեւ հրաշալի դեղամիջոց է: Ըստ հին լեգենդի` երբ Ապոլոնին հարցրել են սեւ բողկի արժանիքների մասին, նա պատասխանել է, որ այդ արմատապտուղն իր քաշին հավասար ոսկի արժե:
Հին Հունաստանում բողկը մեծ հարգանք էր վայելում: Ապոլոն աստծո մեծարման ժամանակ սեւ բողկը լվացել են ոսկու մեջ եւ տաճարում մատուցել են ոսկյա սկուտեղի վրա: Հույն բժիշկ Դիոսկորիդը սեւ բողկը խորհուրդ էր տալիս օգտագործել մարսողականության կարգավորման, տեսողության եւ հազի համար: Իսկ հռոմեացիները սեւ բողկն օգտագործել են որպես հակազդող միջոց սնկային թունավորումների դեմ: Բողկի հյութը` լիզոցիմի պարունակությամբ, հակաբակտերիալ հատկությամբ է օժտված, որն օրգանիզմում կանխում է բացիլների, սնկային հիվանդությունների ներթափանցումը եւ զարգացումը: Բողկի մեջ մեծ քանակությամբ հանքային եւ կալիումային աղեր կան, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Բողկի մեջ միջինը` 1,8% շաքար եւ 1,9% սպիտակուցներ են պարունակվում, հարուստ բջջանյութ ունի, վիտամիններ C, B, B1, PP, եթերայուղեր, կալիում, յոդ, կալցիում, մագնիում, երկաթ, ֆոսֆոր, ֆտոր, կարոտին եւ ֆիտոցիդներ, եւ այլն: Հատկապես հարուստ է սեւ բողկը:
Կալիումի եւ հանքային աղերի պարունակությամբ բանջարեղենի մեջ առաջին տեղում սեւ բողկն է, որը բնական դեղատուն է նաեւ իր մեջ եղած յոդի, բրոմի, յուղերի քանակությամբ: Բողկը միզամուղ հատկություն ունի եւ օրգանիզմից հեռացնում է նաեւ կուտակված լեղին, մաղձը: Բողկի հյութը նաեւ խորհուրդ է տրվում նյարդային հիվանդություններով, ռեւմատիզմով, իշիասով, ռադիկուլիտով, հոդատապով տառապող մարդկանց: Բողկը խորհուրդ է տրվում նաեւ ցածր արտազատումներով սուր եւ քրոնիկ գաստրիտի, քրոնիկ հեպատիտի եւ լյարդի ցիռոզի, աղիքային հիվանդությունների դեպքում: Նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը: Բողկի արմատը անփոխարինելի պրոֆիլակտիկ միջոց է սրտանոթների եւ գլխուղեղի աթերոսկլերոզի համար: Կալիումային աղերի շնորհիվ այն օգտագործում են սիրտ-անոթային անբավարարության դեպքում: Բողկը հարուստ է յոդով, որը մասնակցում է վահանագեղձի հորմոնի առաջացմանը: Ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ են տալիս սեւ բողկի հյութը խմել գազարի եւ բազուկի հյութերի հետ միասին, քանի որ բողկի հյութը սուր ազդեցություն ունի: Սեւ բողկի եւ մեղրի օգտագործումը երիկամներում եւ միզապարկում քարերի դեմ պրոֆիլակտիկ միջոց է համարվում, ավելին, նպաստում է քարերի քայքայմանը: Վիտամին B1-ի շնորհիվ , որը, բացի բողկից, պարունակվում է նաեւ բրնձի, վարսակաձավարի (օվսյանկա), հնդկաձավարի (գրեչկա), սիսեռի, արախիսի մեջ, հրաշալի միջոց է աճող օրգանիզմի ամրացման համար: B1-ը օգտակար է ճարպերի փոխանակմանը, նյարդային համակարգին, սիրտ-անոթային համակարգի աշխատանքին: Այդ իսկ պատճառով հաճախ պետք է օգտագործել բողկը սննդակարգում, հատկապես այն մարդկանց, ովքեր ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում, շինարարության մեջ են ընդգրկված: Հատկապես շոգ եղանակին ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս վիտամին B1-ի անհրաժշտությունն օրգանիզմում մեծանում է: Իհարկե, պետք է նաեւ չմոռանալ բողկի հակացուցումների մասին. այն խորհուրդ չի տրվում շատ եւ հաճախակի օգտագործել սիրտ-անոթային ծանր հիվանդությունների, խոցային հիվանդությունների, լյարդի, աղեստամոքսային տրակտի, տասներկումատնյա աղիի այնպիսի հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են լորձաթաղանթի բորբոքային սուր պրոցեսներով:
Սեւ բողկը օգտագործվել է դեռեւս միջնադարում` հատկապես որպես միզամուղ եւ օրգանիզմից լեղին հեռացնող միջոց: Այն հրաշալի միջոց է նաեւ նյութափոխանակության եւ մարսողական համակարգի կարգավորման համար: Եթերայուղերի շնորհիվ այն խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը` ոչնչացնելով ստամոքսի պատերին գոյացած արգելակող տարրերը: Շատ օգտակար է նաեւ փորկապության դեպքում: Սակայն, քանի որ փորկապությունը կարող է պայմանավորված լինել խոցային հիվանդությամբ, մինչ բողկով բուժումը պետք է ճշտել, թե որն է փորկապության առաջացման բուն պատճառը: Ինչպես արդեն նշել ենք` խոցային բորբոքված հիվանդությունների, սուր կոլիտների դեպքում խորհուրդ չի տրվում բողկը չարաշահել: Հին ժամանակներում սեւ բողկի հյութը նախքան օգտագործելը փոքր-ինչ տաքացրել են եւ օրը 4-5 անգամ 1 ճ/գ չափով օգտագործել են: Կարող եք խմել նաեւ կաղամբի հյութի հետ միասին:
Բողկը նաեւ օգտագործվում է կոսմետիկայի, դիմակների, լոսյոնների պատրաստման մեջ: Պեպենների եւ պիգմենտային հետքերի հեռացման համար բողկի սերմերից կամ արմատից եւ օղուց պատրաստված լոսյոնն է խորհուրդ տրվում: Հնում բողկի մրգախյուսը, հյութը եւ մանրացված սերմերն օգտագործել են թարախակալված վերքերի, էկզեմայի, երկար ժամանակ չլավացող վերքերի, դեմքի պզուկների բուժման համար: Քերիչով անցկացված թարմ բողկի խյուսով եւ մեղրով պատրաստված դիմակը բուժում է մաշկի վրա գոյացած թարախակալած պզուկները (նաեւ պատանեկան), մաքրում է բորբոքված եւ նորմալ մաշկը: Դիմակը կարող եք պահպանել սառնարանում եւ մի քանի օր շարունակ օգտագործել:
Ճապոնական ազգային խոհանոցում բողկն անփոխարինելի բանջարեղեն է, որն օգտագործվում է աղցանների, կծու սոուսների պատրաստման մեջ:
Սեւ բողկի մեջ, բացի վիտամիններից, նաեւ հակաբացիլային ուժեղ նյութեր են պարունակվում: Բողկի հյութը մեղրով օգտագործվում է բրոնխիտի, շնչուղիների համար: Պատրաստման 2 ձեւ կա. 1) Բողկը կեղեւով լվացվում է, միջուկը փոքր-ինչ հեռացվում է եւ լցվում է մեղրով: 2-3 ժամ հետո հյութը պատրաստ է: Օրը 3 անգամ 1ճ/գ չափով կարող եք խմել: 2) Սեւ բողկի կեղեւը մաքրում եք, լվանում-կտրատում եք պտուղը, տեղադրում եք էմալապատ տարայի մեջ եւ վրան բնական մեղր եք լցնում: Այդպիսով ավելի շատ հյութ կստացվի: 2-3 ժամ հետո հյութը պատրաստ է, եւ կարող եք օրը 3 անգամ 1ճ/գ չափով խմել:
Սեւ բողկից, օղուց կամ աղից պատրաստված զանգվածը օգտագործում են մկանային ցավերի դեպքում: Բողկի ճզմած սերմերը քիչ քանակությամբ օղու կամ պարզապես ջրի հետ խառնած վիճակում լավ միջոց է թարախակալված պզուկների, վերքերի, մաշկի բորբոքումների, պեպենների համար:
Սեւ բողկի հյութը անոթների, միզափամփուշտի, երիկամի ավազանների մեջ գոյացած աղերը շատ արագ քայքայում-հեռացնում է: Դրա համար 10կգ սեւ բողկ եք վերցնում, լավ լվանում եք, կեղեւը չեք հեռացնում, սակայն կեղեւի վրա բարակ շերտը նրբորեն մաքրում եք, եւ դրանից հյութ եք պատրաստում: Մոտ 3 լիտր մաքուր հյութ է ստացվում: Լավ փակված վիճակում պահում եք սառնարանում, իսկ հյութից առանձնացված կոպիտ զանգվածը խառնում եք 300 գրամ մեղրի հետ` պահպանելով փակ ապակե տարայի մեջ: Հյութը պետք է խմել ուտելուց 1 ժամ հետո` 1 թեյի գդալ: Եթե լյարդի շրջանում ցավեր չեն նկատվում, ապա կարող եք շարունակել 1 ճ/գ չափով` աստիճանաբար հասցնելով կես թեյի բաժակի: Հիշեք, որ բողկի հյութը լեղին հեռացնող շատ ուժեղ միջոց է: Եթե մաղձային ծորանների մեջ շատ աղեր (հանքային) են կուտակված, ապա մաղձի հեռացումը փոքր-ինչ դժվարությամբ է տեղի ունենում, ինչի պատճառով մարդը լյարդի շրջանում ցավեր է նկատում: Ցավերը կանխելու համար լյարդը կարող եք տաքացնել ջրային ջերմակով (գրելկա): Սովորաբար ցավեր նկատվում են առաջին օրերին, հետո կարգավորվում է, եւ աղերն աննկատ եւ շատ արագ են հեռացվում: Պետք է խմել 3 ամիս շարունակ: Այս դիետայի ընթացքում պետք է խուսափեք կծու-թթու, յուղոտ, շատ մսային սնունդից, իսկ հենց հյութը վերջանա, պետք է սկսեք գործածել բողկի կոպիտ զանգվածը մեղրի հետ խառնած վիճակում, որը մինչ այդ պահվում էր սառնարանում: 1-3 ճ/գ չափով այն ուտում եք ճաշելու ընթացքում: Այս պրոցեդուրան շատ օգտակար է օրգանիզմի ամրացման, սրտանոթային հիվանդությունների համար: Ի դեպ, օրգանիզմի աղերը լուծվում են նաեւ մաղադանոսի (պետրուշկա), մանանեխի հյութերի միջոցով: Սեւ բողկը օրգանիզմը, անոթները, երակները, հյուսվածքները, հոդերը մաքրում է թունավոր նյութերից, աղերից, մաքրում է շլակները: Իսկ հիվանդությունների մեծ մասը օրգանիզմի աղտոտվածության հետեւանք են: Երիկամները, լյարդը, աղիները, ստամոքսը եւ այլ օրգաններ, որոնք պատասխանատու են օրգանիզմի մաքրման համար, ծանրաբեռնված են գործում: Ժամանակին օրգանիզմից չհեռացված թունավոր նյութերը կարող են վնասել ամբողջ համակարգը: Արյունը եւս աղտոտվում է, խախտվում է թթվայնության-ալկալիականության ներդաշնակությունը: Օրգանիզմը մաքրող լավագույն եւ անփոխարինելի միջոցը սեւ բողկն է, որը, բացի իր բոլոր հատկություններից եւ վիտամիններից, նաեւ մասնակցում է արյան մակարդելիությանը: Ռադիկուլիտի, ռեւմատիզմի, հոդատապի դեպքում սեւ բողկի հյութը պետք է քսել ցավող հատվածներին: 3 բաժին սեւ բողկի հյութը խառնում եք 3 բաժին բազուկի հյութի, 2 բաժին բնական մեղրի, 1 բաժին օղու հետ, ավելացնում եք մի փոքր կերակրի աղ եւ 12 օր պահում եք փակ տարայի մեջ` սառնարանում: Առավոտյան եւ երեկոյան քսում եք հիվանդ հատվածներին:
Առհասարակ, սեւ բողկը օրգանիզմի լավագույն սանիտարն է համարվում: Օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու, ինֆեկցիոն հնարավոր երեւույթները կանխելու համար խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ սեւ բողկի հյութով ինքնամաքրում կատարել: Սեւ բողկի հյութը քամում եք, խառնում եք ջրի հետ` 1:3 համադրությամբ, եւ ճաշից առաջ կես թեյի բաժակով խմում եք: Կամաց-կամաց ավելացնում եք չափը` կես բաժակից հասցնելով օրը 2 թեյի բաժակի: Բողկի հյութը պետք է խմել թարմ վիճակում, կամ պետք է պարտադիր պահպանել սառնարանում, որպեսզի չկորցնի օգտակար հատկությունները: Երիկամների քարերի եւ լեղիի կուտակման դեպքում սեւ բողկի հյութը պետք է խմել ուտելուց 1 ժամ հետո` սկսելով 1 ճ/գ չափից` 4-5 շաբաթ տեւողությամբ: Եթե լյարդը չի ցավում, ապա կարող եք ավելացնել քանակը` 2 ճ/գ:
Սեւ բողկով դիմակները կանխում են մազաթափությունը, ամրացնում են մազարմատները: Դեմքի մաշկի համար պատրաստեք հետեւյալ լոսյոնը. 100 գրամ մանրացված սեւ բողկի վրա լցնել 100 մլ օղի, 10 օր պահել փակ վիճակում` ժամանակ առ ժամանակ խառնելով: 10 օր հետո լոսյոնով մաքրեք դեմքը եւ պարանոցը: Կամ 1 ճ/գ քերած բողկի վրա ավելացնել 1 ճ/գ թթվասեր եւ 1 թ/գ մեղր, հաստ շերտով քսել դեմքին, 5 րոպե անց կրկին քսել, պահել 15 րոպե եւ լվանալ տաք ջրով:
Լեղապարկի քարերի հեռացման համար առաջարկվում է հետեւյալ դեղատոմսը. առավոտյան պատրաստել 1 ճ/գ կարմիր բազուկի հյութը, խառնել 1 թ/գ բնական մեղրի հետ եւ խմել: 2 ժամ հետո ուտել 2 ճ/գ քերիչով անցկացված սեւ բողկը: 30-40 րոպե անց կարող եք նախաճաշել: Պետք է կրկնել 2 ամիս շարունակ` 10 օր անընդմեջ անել, 10 օր հանգստանալ: 2 ամիս անց կարող եք կես տարի հանգիստ տալ օրգանիզմին: Պրոֆիլակտիկայի համար այս դեղատոմսը կարող եք օգտագործել տարին 1 անգամ: Սեւ բողկը կանանց խորհուրդ է տրվում դաշտանի ուշացումների, անեմիայի դեպքում. այդ ընթացքում պետք է խմել հավասար քանակությամբ բողկի եւ գազարի հյութը միասին: Սեւ բողկի սերմը մանրացրեք, խառնեք քիչ քանակությամբ ջրի հետ եւ ամեն օր` գոնե առավոտյան եւ երեկոյան քսեք էկզեմայի վերքի վրա:
Սեւ բողկը խորհուրդ է տրվում նաեւ սակավարյունության, մաշկի քորի, իշիասի, չոր հազի, ջղաձգումների, ալերգիայի, դեղնախտի, ասթմայի, կարիեսի պրոֆիլակտիկայի, ոսկրերի ամրացման դեպքերում: Նույնիսկ խորհուրդ է տրվում դեղնախտի ժամանակ առավոտյան, քաղցած ստամոքսին բողկ ուտել: Սեւ բողկը մեծ քանակությամբ ինսուլին է պարունակում, այդ պատճառով բժիշկները շաքարախտով հիվանդներին խորհուրդ են տալիս օգտագործել այն` արյան մեջ շաքարի քանակությունը նվազեցնելու համար: Բողկը գազամղիչ հատկություն ունի, ինչպես նաեւ արագացնում է մարսողականությունը: Բողկի արմատապտուղի քերած զանգվածը ցորենի ալյուրի հետ խառնելով` կարող եք բուժել թարախակալված, անբուժելի վերքերը: Մեղրով սեւ բողկի հյութը օգնում է ազատվել աչքերի տակի կապույտներից, տարբեր հետքերից եւ կնճիռների դեմ է պայքարում: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բողկը նաեւ օգտագործվել է մալարիայի դեմ: Հազի եւ բրոնխիտի դեպքում սեւ բողկի միջուկը հեռացրել են, բնական մեղր են լցրել, 2 ժամ պահել են մութ տեղում եւ օրը 2 անգամ 1-ական ճ/գ չափով խմել են: Ժողովրդական բժշկությունը արյան ճնշման իջեցման, օրգանիզմում քարերի առաջացման եւ ուռուցքների դեմ նաեւ խորհուրդ է տալիս պարզապես բողկի թարմ հյութը խմել` օրական 3 անգամ` 1 ճ/գ:
Երեխաների մոտ հաճախ հանդիպող դիաթեզից ազատվելու համար կերակրելուց 20 րոպե առաջ կարող եք որեւէ հյութի կամ ջրի մեջ 1 կաթիլ (հետզհետե ավելացնելով կաթիլների քանակը) բողկի հյութ ավելացնել եւ խմեցնել երեխային: Սեւ բողկի եւ սերմերի հյութից արված թրջոցները նաեւ օգտագործել են կարիճի, օձի, թունավոր միջատների խայթոցների դեմ:
Բրոնխիտի դեպքում բողկի 250 գրամ հյութի վրա ավելացրեք 100 գրամ մեղր, եւ ամեն օր ճաշելուց առաջ (նաեւ քնելուց առաջ) 2 ճ/գ խմեք այն: Երեխաներին հազի համար կարելի է տալ օրը 3-5 անգամ` 1-2 թ/գ չափով:
Հայմորիտի դեպքում լավ լվացված եւ չկլպված, մարմնի ջերմաստիճանի տաքությամբ սեւ բողկը քերիչով անցկացրեք, 1-2 ճ/գ չափով լցրեք կտորի մեջ, փաթաթեք եւ դրեք ցավող հատվածին` նախապես այդ մասերը բուսական յուղով մաքրելով: Այնուհետեւ փաթաթեք տաք կտորով: Նման պրոցեդուրան կատարում են քնելուց առաջ` 15 րոպեով: Սկզբում կարող է տհաճ թվալ, սակայն 4-5 անգամ կրկնելուց հետո հայմորիտն ամբողջությամբ կանցնի: Բազմիցս փորձված միջոց է:
Ռադիկուլիտի համար խորհուրդ է տրվում 1 ճ/գ սեւ բողկի քամած հյութի վրա ավելացնել 1-2 կաթիլ լավանդայի յուղ, հիվանդ հատվածների վրա հաստ շերտով քսել, ապա կապել տաք բրդյա կտորով: 5-6 անգամ կրկնելուց հետո ցավը կանցնի, ձեր շարժունակությունը կվերականգնվի: Փորձված միջոց է:
Սեւ բողկի միջուկը որոշ չափով հեռացնում եք, բուսական յուղ եք ավելացնում, քափքաշի միջոցով տաքացնում եք դանդաղ կրակի վրա, որպեսզի յուղը եռա: Սառեցնելուց հետո ստացված կաթիլներն օգտագործում եք ականջացավի համար: Որպես միզամուղ, մաղձը եւ լեղին հեռացնող, օրգանիզմը ամրացնող միջոց՝ թարմ բողկի հյութը պետք է խմել օրը 3 անգամ` կես թեյի բաժակի չափով: Այն նաեւ ամրացնում է լնդերը, իսկ քլորոֆիլի պարունակությունը մաքրում է արյունը: Օրգանիզմն անպետք աղերից մաքրելու համար անպայման օգտագործեք նաեւ այս դեղատոմսը. 10 կգ սեւ բողկը լավ լվացեք տաք ջրով եւ հատուկ խոզանակով: Կեղեւը չկլպեք: Դրանից քամեք մոտ 3 լիտր հյութ, լցրեք լավ փակված ապակե տարայի մեջ, պահեք սառնարանում եւ օրը 1 թ/գ խմեք ճաշից 1 ժամ հետո: Եթե լյարդը չցավի, ապա ավելացրեք չափը` 1-2 ճ/գ հասցնելով: Հրաշալի մաքրում է օրգանիզմը:
Սեւ բողկը, եւ առհասարակ բողկը մեր կողքին է, սակայն մենք ծանոթ չենք նրա հրաշագործ հատկանիշներին: Եվ, ամենակարեւորը, այն մատչելի է բոլորիս համար: Առողջ եղեք:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն